20/10/2016 16:12
ՀՀ նոր կառավարությունը կկարողանա ապահովել երկնիշ տնտեսական աճ. Թաթուլ Մանասերյան
Կառավարության կողմից արված 3,2% տնտեսական աճի կանխատեսումը իրատեսական է, ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
«Տնտեսական աճի առումով դրված է բավական զուսպ կանխատեսում՝ 3,2%: Կարծում եմ, որ սա հաղթահարելի է, հնարավոր և իրատեսական: Ավելին՝ հաջողության պարագայում, ինչպես միշտ ես լավատես եմ եղել, և որպես նպատակ, տեսել եմ երկնիշ տնտեսական աճը: Չեմ բացառում, որ եթե ոչ առաջին տարում, ապա երկրորդ տարում Հայաստանի ներկայիս կառավարությունը կկարողանա հասնել երկնիշ տնտեսական աճի», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թաթուլ Մանասերյանը:
Նա նաև ընդգծեց, որ պետբյուջեի դեֆիցիտի ծածկման մեջ արտաքին և ներքին աղբյուրներն առաջին անգամ շատ են մոտեցել իրար, որը, ըստ տնտեսագետի, շատ կարևոր հանգամանք է:
«Մի կարևոր հանգամանք, որը նորույթ կարելի է անվանել: Պետբյուջեի դեֆիցիտի ծածկման մեջ արտաքին և ներքին աղբյուրներն առաջին անգամ շատ մոտեցել են իրար: Նախկինում արտաքին աղբյուրները գերակշռում էին, և դա լուրջ կախվածություն էր ստեղծում, դա սպառնալիք էր տնտեսական անվտանգության տեսանկյունից: Հիմա ներքին աղբյուրները գրեթե մոտենում են արտաքին աղբյուրների ֆինանսավորմանը», - ասաց Թ.Մանասերյանը: