20/10/2016 12:23
Բյուջեում թվերի նկարչությունը բացառվելու է. Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը դեֆոլտի վտանգ չի տեսնում։ Այս մասին նախարարն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Լևոն Տեր Պետրոսյանի՝ օրերս արված հայտարարությանը։
Նախարարն ընդգծեց, որ որոշ խնդիրներից ելնելով Հայաստանի տնտեսությունը պարտքի աճ է թույլ տվել, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ կա դեֆոլտի հավանականություն։
«Դեֆոլտը ոչ այլ ինչ է, քան քո ֆինանսական պարտավորությունների կամ ստանձնած պարտքի սեփականատերերի նկատմամբ քո պարտականությունների չկատարում։ Կարծում եմ՝ մենք այդպիսի խնդիր այսօր չունենք։ Բյուջեն ծախսերի մասով կատարվում է այնպես, ինչպես ծրագրավորված էր», - նշեց Վ. Արամյանը:
Վերջինս ընդգծեց, որ իրենց համար առաջնային նպատակը իրատեսական բյուջե ներկայացնելն է։ Նախարարի խոսքով՝ արվելու է հնարավորը բյուջեում թվերի նկարչությունը բացառելու համար։
«Ես չեմ կարող գնահատական տալ, թե նախկինում թվերի նկարչությունը բացառված էր, թե ոչ, բայց հիմա մեր հիմնական նպատակը պիտի լինի ներկայացնել ծրագրեր, որոնք կլինեն իրատեսական և իրագործելի՝ համահունչ մեր ռեսուրսներին։ Բյուջեն ևս պիտի ներկայացնել տնտեսական զարգացումներին համահունչ», - ասաց նա։