20/10/2016 15:58
Պետական կառավարման մարմիններում պետք է ազատվել պորտաբույծների մի մեծ շերտից. Մանասերյան
ՀՀ կառավարության ծրագրում տեղ գտած «Պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից հրաժարում» դրույթը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը համարում է շատ կարևոր, քանի որ դրանք տնտեսական լրջագույն սպառնալիք են ներկայացնում:
«Սա տնտեսական լրջագույն սպառնալիք է, երբ մի քանի գերատեսչություններ կրկնում են մեկը մյուսի գործառույթը: Ավելին, նախկինում էկոնոմիկայի նախարարությունում եղել են, հիմա էլ, կարծում եմ, դեռ կան օղակներ, որոնք կրկնում են մեկը մյուսին, հատկապես արտաքին ոլորտին վերաբերող և միջազգային համագործակցությանը վերաբերող բաժինները և կառույցները», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թաթուլ Մանասերյանը:
Նա նաև նշեց, որ պետական կառավարման համակարգում «պորտաբույծների թիվը, որոնք իրենց աշխատավայրում ձանձրանում են, գնալով շատանում է»:
«Կան մարդիկ, որոնք ձանձրանում են իրենց աշխատավայրերում: Դա համատարած բնույթ ունի: Պետք է ազատվել պորտաբույծների մի մեծ շերտից, որ այսօր առկա է բոլոր օղակներում: Քառորդ մասը կարելի է ընդամենը թողել», - նշեց նա: