20/10/2016 20:40
Կատալոնիայում ցլամարտի արգելքը հանվել է
Իսպանիայի սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայի ինքնավար համայնքում ցլամարտի անցկացման արգելքը, հայտնում է «Интерфакс»-ը:
2010 թվականին ցլամարտի արգելքի մասին որոշումը կայացրել էր Կատալոնիայի խորհրդարանը: Իր որոշման մեջ այն հենվել է զանգվածային միջոցառումների անցկացման մասին տարածաշրջանային նորմերի և կենդանիների պաշտպանության մասին օրենքների վրա: Սակայն Մադրիդում կարծում են, որ այդ հարցը դուրս է տեղական իշխանությունների լիազորությունների շրջանակներից: Արդյունքում՝ ցլամարտը վերականգնվել է, քանի որ, իսպանական օրենքներով, այն երկրի մշակութային ժառանգության մասն է:
Սա արդեն առաջին անգամը չէ, որ Սահմանադրական դատարանը չեղարկում է կատալոնական խորհրդարանի որոշումը:
2013 թվականին Կատալոնիայի խորհրդարանը հռչակագիր է ընդունել շրջանի ինքնիշխանության մասին, որը թույլ էր տալիս Կատալոնիային Իսպանիայից անջատվելու մասին հարցով հանրաքվե անցկացնել: Սակայն պաշտոնական Մադրիդն այն սառեցրել է: