20/10/2016 14:15
Արտաբյուջեներից վախենալ պետք չէ, պետք է թափանցիկության պակասից վախենալ. Փոխվարչապետը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը զարմանալի է համարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ դեֆոլտի մասին հայտարարությունը։
«Ֆինանսական դժվարություններ կան, բայց դա դեֆոլտ չէ։ Զուտ մասնագիտական տեսանկյունից՝ ինձ համար հետաքրքիր կլիներ դրա հիմքերը տեսնել», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը։
Անդրադառնալով երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած երկու առաջարկություններին՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ չկան արտաբյուջեներ, որոնց գոյությունը նախատեսված չլինի օրենքով։
«Արտաբյուջեներ կան, որոնք անհրաժեշտ են։ Ես արտաբյուջեների ջատագով չեմ և կառավարության դիրքորոշումն էլ եղել է հնարավորինս կարգավորել արտաբյուջեները, բայց դրանք միայն օրենքով սահմանված դեպքերում գոյություն ունեն։ Բացի այդ էլ՝ մենք ունեք մի շարք արտաբյուջեներ, որոնք փոքր գումարներ են կազմում», - ասաց նա։
Վ.Գաբրիելյանն ընդգծեց, որ բազմաթիվ արտաբյուջեներ գոյանում են ոչ թե վարկերից, այլ գրանտներից, ուստի կոչ արեց բացասական չվերաբերվել արտաբյուջեներին։
«Արտաբյուջեներից վախենալ պետք չէ, պետք է թափանցիկության պակասից վախենալ։ Եթե ողջ գործընթացը կատարվում է թափանցիկ և հստակ է, թե ուր են գնում այդ գումարները, ապա այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում», - ընդգծեց նա։