21/10/2016 18:33
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ և Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած հարձակումը:
«Դեսպանությունը ողջունում է Քննչական կոմիտեի կողմից սկսած արագ հետաքննությունը: Բռնության նման դեպքերն անընդունելի են՝ անկախ դրդապատճառներից: Ուրբաթ օրը դեսպանատան պաշտոնյաները հանդիպել են Ռաֆայել Գրիգորյանի հետ և կշարունակեն հետևել այս դեպքի զարգացումներին»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծի էր ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին, որից հետո եկեղեցու առաջնորդը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: