21/10/2016 19:09
Տեղի է ունեցել ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական նիստը
Երևանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի հերթական (76-րդ) նիստը. տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նիստին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների 8 սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի և այլ փոխգործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը բարձր է գնահատել խորհրդի կատարած աշխատանքները: Տնօրենն ընդգծել է հրամանատարների խորհրդի և համակարգող մարմնի՝ արդի մարտահրավերների դեմ իրականացվող պայքարի կարևորությունը, ճգնաժամային իրավիճակներում փոխօգնության և մի շարք այլ առանցքային հարցերում համագործակցության արդյունավետությունը:
ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, Սահմանապահ ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վ. Գ. Կուլիշովի նախագահությամբ՝ հրամանատարների խորհրդի անդամներն ամփոփել են 2016 թվականի գործունեության արդյունքները, քննարկել մի շարք հարցեր, որոնց հիման վրա ընդունվել է ավելի քան 20 որոշում: