21/10/2016 12:02
Նման բան գրողին ես գործից կհանեի. Արամ Մանուկյանը՝ կառավարության ծրագրի մասին
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում կառավարության նոր ծրագրի քննարկման ժամանակ կոչ արեց վարչապետին զգույշ լինել ձախողվելուց:
«Ձեր ստարտը հուսադրող էր, հատակապես կրճատումները՝ ամենակոռուպմացված դեմքերից խուսափելու համար: Դուք դժվար սկիզբ կունենաք, եթե բարձրացված նշաձողը չպահպանեք: Ձեր ծրագրի թերություններից մեկն այն է, որ դուք չեք ներկայացրել այն բազան, որի մեջ գտնվում է Հայաստանի տնտեսությունը», - իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը:
Վերջինս նախանշեց նաև նախորդ վարչապետերի ծրագրերից մի շարք դրույթներ, որոնք այդպես էլ մինչ այսօր կյանքի չեն կոչվել: Մասնավորապես, անդրադառնալով նախորդ կառավարության ծրագրին, պատգամավորը նշեց.
«Հովիկ Աբրահամյանը պիտի ՀՆԱ 5 տոկոս աճ գրանցեր, աղքատությունը 10 տոկոսով կրճատեր: Մի շարք ջրամբարներ կառուցեր, հյուսիս-հարավ մայրուղին էլ պիտի կառուցվեր: Ասեք նման բան եղե՞լ է: Չի եղել, այս նույն մարդիկ են չէ՞ քվերակել այդ ծրագրին»:
Անդրադառնալով վարչապետի կարճաժամկետ ծրագրին՝ Արամ Մանուկյանը նշեց, որ ծրագրում մի շարք թերություններ կան: Պատգամավորի դիտարկմամբ՝ այն բառակույտ է:
«Նման բան գրողին ես գործից կհանեի: Մի էջում 10-20 անգամ կրկնվում են աջակցել, բարելավել, լավացնել, խրախուսել և այլ բառեր: Սրանք ոչինչ չեն ասում, հատկապես, որ 6 ամսվա ծրագիր եք ներկայացնում և այն պարզապես չի կարող այսքան բառակույտերից բաղկացած լինել», - ասաց Ա. Մանուկյանը՝ ընդգծելով, որ ներկայացված ծրագրում պակասում է ամենակարևորը՝ մարդը:
Ելույթի վերջում Արամ Մանուկյանը խորհուրդ տվեց վարչապետին ուշադիր լինել իր թիմի նկատմամբ, որովհետև նրա խոսքով՝ նախկին վարչապետերը ձախողվել են, քանի որ նրանց թիմակիցները կես ճանապարհին փոխել են խաղի կանոնները: