21/10/2016 13:32
ԲՀԿ-ի խմբակցության կուսակցական պատգամավորները չեն մասնակցի կառավարության ծրագրի քվեարկությանը
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող կիսել կառավարության ծրագրի քաղաքական պատասխանատվությունը, ուստի ԲՀԿ խմբակցության կուսակցական պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը:
«Երբ խոսք է գնում դեֆոլտի մասին, ասում եք, որ նման բան չկա: Թոշակները, աշխատավարձերը և նպաստները տալիս են բյուջեի թերհավաքագրումների պայմաններում, հետն էլ ասում են, որ դեֆոլտի վտանգ չկա: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր արտաքին պարտքը հասնի 80-90 տոկոսի: Մենք ոչ ԱՄՆ-ն ենք, ոչ Չինաստանը, ոչ էլ Գերմանիան, որ ՀՆԱ-ի կառուցվածքը թույլ տա վարկունակ մնալ», - ասաց նա:
Մատնանաշելով ծրագրում առկա մի շարք թերություններ՝ Միքայել Մելքումյանը հատկապես կարևորեց կառավարության ծրագրում Գյումրիի և Վանաձորի տնտեսության լավացման վերաբերյալ ծրագրերի բացակայությունը:
«Ծրագրում չտեսա Գյումրիի և Վանաձորի տնտեսության հետ կապված առաջարկ: Սրանք այն երկու քաղաքներն են, որտեղ 20 տարվա ընթացքում բնակչության թիվը 2 անգամ կրճատվել է: Սա լուրջ պրոբլեմ է, որովհետև Հայաստանի 2-րդ և 3-րդ քաղաքները երկրի տնտեսության զրագացման համար լոկոմոիտիվ խոսք ունեն», - ընդգծեց պատգամավորը: