21/10/2016 12:23
Գագիկ Մելիքյանը վարչապետին խորհուրդ տվեց «բանի տեղ չդնել» քննադատական ելույթներին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը չի կարծում, թե պետք է համեմատել նախկին ու ներկա կառավարությունների ներկայացրած ծրագրերը:
«Այս կառավարության ներկայացրած ծրագիրը ժամանակագրական առումով ավելի հստակ է, այն անցումային ծրագիր է, բովանդակությամբ տարբեր է և չեմ կարծում, որ այն պետք է համեմատել նախորդ կառավարությունների ծրագրերի հետ», - Ազգային ժողովում հայտարարեց Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով ՝ տեղի է ունենում համակարգային փոփոխություն՝ քաղաքական և տնտեսության բնագավառում:
«Նման իրավիճակ մենք անկախության 25 տարիների ընթացքում երբևէ չենք ունեցել, մենք արդեն ունենք նոր քաղաքական ու տնտեսական իրավիճակ», - ասաց նա:
Գագիկ Մելիքյանը շեշտեց՝ կառավարության ծրագրի մասին երեկ ԱԺ ամբիոնից հնչեցին ելույթներ, որոնց հեղինակները պարզապես ցանկանում էին ներկայացնել, թե իրենք կան:
«Նրանք քաղաքական կայացման խնդիր ունեին՝ ներկայացնելով որոշ թերություններ և խնդիրներ: Այս իրավիճակում Գալուստ Գրիգորիչը հայտարարեց՝ «ոչինչ, բանի տեղ մի դրեք, սրանք էլ կանցնեն: Իրոք, կանցնեն, պարոն վարչապետ», - նշեց Գագիկ Մելիքյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ իր շատ գործընկերներ կիսում են կառավարությանն աջակցելու միասնության գաղափարը:
«Համոզված եմ, որ նրանք իրենց դրական քվեարկությամբ կնպաստեն կառավարության ծրագրի իրականացմանը», - ասաց նա:
Գագիկ Մելիքյանը վարչապետին վստահեցրեց, որ կարող է հույսը դնել իրենց վրա:
«Մենք, իրոք, աջակցելու ենք ձեզ ու տրամադրված ենք կառավարության այս ծրագրին աջակցմանը, որովհետև սրանից է կախված մեր երկրի ու մեր ժողովրդի ապագան, մեր պետության անվտանգությունը», - ընդգծեց Գ. Մելիքյանը: