21/10/2016 11:31
Խնդիրները լուծվելու են կառավարման ոչ ստանդարտ մոտեցումներով. Գալուստ Սահակյան
Հայաստանի նոր կառավարությունն իր առաքելությունն ստանձնել է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում և խորհրդարանական կառավարման համակարգին անցման ամենապատասխանատու փուլում, այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
«Սա նշանակում է, որ նոր կառավարությունը պետք է օպերատիվորեն լուծի ոչ միայն երկրի կայուն զարգացման ընթացիկ և ռազմավարական, այլև այդ անցումային փուլում ի հայտ եկող առանձնահատուկ խնդիրները, ընդ որում քաղաքական բարեփոխումների տեսանկյունից շատ կարճ ժամանակահատվածում և կառավարման ոչ ստանդարտ մոտեցումներով», - ասաց Գ.Սահակյանը:
Նրա խոսքով, առաջիկա մեկ-երկու տարիներին խորհրդարանին ևս շատ ինտենսիվ աշխատանք է սպասվում կառավարման նոր համակարգի օրենսդրական հիմքերի ձևավորման տեսանկյունից:
Գ.Սահակյանի կարծիքով, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացումը ոչ միայն կընդլայնի երկրի ֆինանսական հնարավորությունները, այլև իրական նախադրյալներ կստեղծի բնակչության և իրավաբանական անձանց հարկային ու ֆինանսական բեռի զգալի թեթեւացման համար: