21/10/2016 13:01
Լևոն Զուրաբյանի համար Կարեն Կարապետյանը միայն մի լավ բան է արել
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար Կառավարության ծրագրի ներկայացումը առիթ է ստեղծում խոսելու Գործադիր մարմնի նշանակման մասին ու տալու առաջին գնահատականները:
«Վարչապետի նշանակումը կատարվել է Սահմանադրական նորմերի խախտմամբ: Սերժ Սարգսյանը պիտի խորհրդակցեր խմբակցությունների հետ: Նման բան ՀԱԿ-ի հետ չի եղել, թեև նախորդ անգամներին ՀԱԿ-ն ինքն է մերժել, սակայն դա չի նշանակում, որ հիմա պիտի խախտեն Սահմանադրությունը», - Ազգային ժողովում հայտարարեց նա:
Զուրաբյանը նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը «մի լավ բան արել է». պաշտոնից հեռացվել են մարզպետներ ու կառավարության անդամներ, որոնք թալանել են երկիրը:
«Այդ մասին չի գրել միայն ծույլը: Սա արդեն հույսեր է առաջացրել հասարակության մեջ: Սակայն սա մի նախընտրական հնարք է, որի միակ նպատակն է՝ մեղմել ժողովրդի համատարած ատելությունը, հանդես գալ մարդկային դեմքով ու հնարավորինս իրականացնել ռեժիմի վերարտադրությունը, որից հետո նրանք նորից կհանեն իրենց դիմակներն ու կխժռեն ժողովրդին», - ասաց Լ. Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, թե կառավարության ծրագրում կա միայն ձևակերպում՝ սեղմ ժամկետներում ախտորոշել կառավարման համակարգը:
«Դուք չեք ասում ձեր տեսլականը, չեք ներկայացնում գործող համակարգի արատները, տնտեսական ի՞նչ մոդել եք ուզում ստեղծել, այլ միայն ներկայացվում են գործիքները: Սա ծրագիր է ընտրողների առաջ որևէ քաղաքական պատասխանատվություն չստանձնելու մասին», - նշեց նա:
Լևոն Զուրաբյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հագելի ընդդիմադիր հռետորը կամ չէր կարդացել Կառավարության ծրագիրը, կամ սուտ էին նրան պատմել. կա ծրագրի իրականացման կարճատև ու երկարատև փուլ, երկուսն էլ՝ շատ հավակնոտ», - ասաց Է. Շարմազանովը: