21/10/2016 23:05
Դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանը մահացել է
«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված Լևոն Սահակյանը մահացել է, այս մասին Aysor.am-ին ասացին «Արմենիա» բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դանակահարված երիտասարդի մոտ կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ: Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ նախնական տվյալներով երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում. դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում և դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վահան Ղազարյանը։