21/10/2016 20:33
Օմբուդսմենն այցելել է «Աբովյան» ՔԿՀ, զրուցել անչափահաս և կին կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Հայաստանի մանկական ասոցիացիա», «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ անկախ փորձագետների հետ իրականացրել է չհայտարարված, մոնիթորինգային այց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այցի մասնակից՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման խորհրդի անդամներն են, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Պաշտպանն այցի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել քրեակատարողական հիմնարկում պահվող անչափահաս եւ կին կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ, ինչպես նաեւ անմիջականորեն ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին: Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաեւ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց բժշկական սպասարկման հարցերը, ինչպես նաեւ այդ անձանց իրավունքների իրացման հնարավորությունները: Կատարվել է համապատասխան փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրություն:
Այցի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպել է նաեւ քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմին եւ քննարկել պահման պայմաններին առնչվող մի շարք հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման այլ վայրեր կրելու են պարբերական բնույթ: