21/10/2016 14:37
Միհրան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի վիրահատությունը հեշտ չի եղել, բայց հաջող է անցել:
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այդ օրն իր կողքին են եղել, այդ թվում նաև՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Վիրահատությունը հեշտ չէր, սակայն հաջող անցավ: Շնորհակալություն բժիշկ Գերդ Բաումերին և իր թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանին ինձ աջակցելու համար: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արսեն Բադալյանին, ով իմ կողքին էր և քաջալերում էր: Շնորհակալություն Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին, նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպան Նորիկ Գևորգյանին Կիևի օդանավակայանում առաջացած խնդիրը հարթելու համար», - Facebook-յան իր էջում գրել է Միհրան Հարությունյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին. «Նաև շնորհակալ եմ Հենրիխ Մխիթարյանին Ֆրանկֆուրտում ցուցաբերած ուշադրության համար», - նշել է նա՝ հավելելով. «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր սոցիալական ցանցերում գրել ու աջակցել են: Գնահատում եմ»:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանն ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր եկել վնասվածքով։ Նա վնասվածքը ստացել էր դեռ 2015 թվականին Բաքվում կայացած Եվրոպական խաղերից առաջ: