21/10/2016 14:53
Ոստիկանության ծառայողները «օրենքով գողերի»-հետ առնչվում են բացառապես օրենքի շրջանակում. պարզաբանում է Ոստիկանությունը
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում այսօր շրջանառվող լուրի առնչությամբ, ըստ որի՝ օրենքով գող Զապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում:
«Զանգվածային լրատվության միջոցներից մեկը «տեղեկություն» է տարածել(որոշ լրատվամիջոցներ էլ շտապել են տիրաժավորել) ոստիկանության ծառայողի և «օրենքով գողի» իբր ինչ-ինչ առնչությունների մասին:
Այս կարգի «տեղեկացվածների» համար արդեն որերորդ անգամ ստիպված ենք կրկնել, որ ոստիկանության ծառայողները «օրենքով գողերի» և ընդհանրապես քրեական «հեղինակությունների» հետ առնչվում են բացառապես օրենքով վերապահված գործառույթների ու գործողությունների շրջանակում:
Սա տարրական իրավական գիտելիք է, որին կարելի է հասու լինել, եթե «տեղեկություն» պատրաստելիս բարի լինեն գործակցել պատկան ու պատասխանատու կառույցների հետ»,-ասված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ:
Նշենք, որ «Ժամանակ» թերթն այսօր գրել է, թե «օրենքով գող Զապի հետ կապված վերջին շրջանի դժվարությունները կապ ունեն «Սասնա ծռերի» ազատազրկման վայրերում գտնվող անդամների հետ:
Զապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում ու հենց նրա հրահանգով է Զապն արգելել «Սասնա ծռերի» տղերքին դատապարտյալների հիվանդանոցում սնունդ եւ այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել:
Այս մասին տեղեկացել են օրենքով գողերը, եւ իմանալով, որ Զապն Արշակի հրահանգով այսպիսի որոշումներ է իջեցրել, գողական աշխարհի մի մասը այժմ Զապին գող չի ճանաչում:
Նշենք, որ Զապը ոստիկանապետի թիկնազորի պետից կախված է այն պատճառով, որ Չեխիայում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում, ու եթե Երեւանը արտահանձնի նրան, նա ցմահ ազատազրկման կենթարկվի Չեխիայում»: