21/10/2016 11:38
ՀՔԾ-ն առգրավել է թվային տեսախցիկ, որը Սարի թաղում խլել էին լրագրողներից
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Հիշյալ իրադարձությունների ընթացքում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար որպես մեղադրյալ ներգրավված Ա.Ս.-ի մատնանշած վայրում հայտնաբերվել և առգրավվել է ճապոնական արտադրության «Sony» ապրանքանիշի «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունն առաջարկում է այն լրագրողներին կամ քաղաքացիներին, ում պատկանող «Sony» ապրանքանիշի «HXR-NX3» մոդելի թվային տեսախցիկը կորել կամ հափշտակվել է 2016թ. հուլիսի 29-ին Երևանքաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ, տեսախցիկի տեխնիկական բնութագրերն ու պատկանելիությունը հավաստող փաստաթղթերով դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ք. Երևան, Վ. Վաղարշյան 13ա)՝ պատճառված վնասի չափը պարզելու և վնասի փոխհատուցման հետ կապված հարցերը լուծելու համար:
Անհրաժեշտության դեպքում տեղեկությունների համար զանգահարել 011 900 035 և 011 900 048 հեռախոսահամարներով: