21/10/2016 20:27
Գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի շատ հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք. Վիգեն Սարգսյանը՝ Արցախում
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում, անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից դիվերսիոն փորձ կատարելու գործողություններին, ասաց, թե տեղեկատվությունն ստանալուն պես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։
«Ժամանելով այստեղ՝ ստացա լրացուցիչ տեղեկատվություն այդ փորձի մասին։ Մեր պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այդպիսի փորձերի պարբերականության և, հնարավոր, կրկնության կանխավարկածի վրա։ Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի շատ հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք և պարբերաբեր շեշտում է ռազմական միջոցով խնդիրը լուծելու իր ցանկության և պատրաստակամության մասին։ Դա նշանակում է, որ մեր մարտական հերթապահությունը կազմակերպվում է հենց այդ տրամադրությանն արձագանքելու տեսանկյունից»,-ասաց Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանության նախարարը մեջբերեց Իսրայելի վարչապետներից մեկի խոսքը՝ ասելով, թե նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև նրանք իրենց զավակներին սկսեն սիրել ավելի շատ, քան ատում են մեր զավակներին։
«Հետևաբար, մենք մշտապես պետք է պատրաստ լինենք արձագանքելու, այդպիսի փորձերի ցանկությունը կանխելու»,-նշեց նախարարը։