21/10/2016 20:51
ՊՆ. Բարձր ենք գնահատում զինվորին, բայց զինվորի և հաղթանակի միջև կանգնած է հրամանատարը
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով գտնվում է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, անդրադառնալով պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց, թե կառավարման համակարգում կարևորագույն բաղադրիչը խնդրի գնահատումն է. միչև չկատարվի ամբողջական ախտորոշում, դժվար կլինի ամբողջական արդյունքի հասնել։
«Ունենք ակնհայտ և ոչ ակնհայտ բազմաթիվ լուծելու խնդիրներ։ Շատ կարևոր եմ համարում նախևառաջ ֆիքսել, որ այդ խնդիրների առկայությունը չեմ գնահատում որպես նախկինում կուտակված թերությունների արտացոլում։ Ուղղակի մենք զարգանում ենք որպես համակարգ և զարգացման յուրաքանչյուր փուլում ունենք լուծելու համապատասխան խնդիրներ»,-նկատեց Վիգեն Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ ինչքան շատ են զարգացումները, այնքան շատ ավելի բարդ են լուծվող խնդիրները։
«Մեր ամենամեծ խնդիրը զինված ուժերի և բանակի նկատմամբ ժողովրդական սիրո շատ յուրահատուկ արտացոլումն է, երբ մենք շատ բարձր ենք գնահատում սահմանին կանգնած զինվորին, ընդհանուր սիրում ենք բանակը, բայց հրաժարվում ենք հստակ ֆիքսել, որ զինվորի և հաղթանակի միջև միշտ կա հրամանատար։ Սա մեր գլխավոր խնդիրերից մեկն է՝ սպայի աշխատանքի թերգնահատվածությունը հասարակության կողմից»,-նշեց պաշտպանության նախարարը։
Վ. Սարգսյանն ընդգծեց, որ կա խնդիր լուծելու սպայի կերպարի ճիշտ ընկալման և սպայի սոցիալական պաշտպանության մակարդակը կտրուկ բարձրացնելու առումով։