21/10/2016 21:05
Պետք է բարձրացնենք պաշտպանության մակարդակը, որպեսզի փոխզիջումների պատուհանը մեզ համար լինի հնարավորինս լայն. Վիգեն Սարգսյան
Ինչքան ամուր լինի Հայաստանի պաշտպանական համակարգը, այնքան ամուր կլինի Հայաստանի դիրքերը բանակցություններում, «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։
Խոսելով սպառազինությունների մասին՝ նախարարն ասաց, թե մեզ պարտադրում են սպառազինությունների մրցավազք։
«Մենք պետք է կարողանանք քայլ առաջ անել և պատրաստվել ոչ թե երեկվա պատերազմին, այլ՝ վաղվա պատերազմին, և վաղվա պատերազին պատրաստվելիս պետք է շատ սթափ գնահատենք, թե ինչ ունենք մեր զինանոցում, ինչ պետք է ավելացնենք, որպեսզի այդ պայքարը լինի նվազագույն միջոցներով առավելագույն արդյունք տվող»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը։
Դիտարկմանը, թե ապրիլյան պատերազմից հետո կրկին սկսել են շրջանառվել տարածքների զիջման, բանակցային գործընթացում փոխզիջումների մասին խոսակցությունները, պաշտպանության նախարարն արձագանքեց.
«Բանակցությունները դիվանագիտական ոլորտի խնդիրներ են։ Փոխզիջումների շեմը որոշվում է այդ բանակցությունների ընթացքում և սահմանվում է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից՝ խորհրդակցելով բոլոր հնարավոր շահառու կողմերի հետ։ Պաշտպանության նախարարության գործառույթը լրիվ այլ է՝ բարձրացնել պաշտպանության մակարդակն այն աստիճանի, որպեսզի փոխզիջումների, հնարավոր, մեզ համար ավելի ցանկալի պատուհանը լինի հնարավորինս լայն։ Ինչքան ամուր լինի պաշտպանական համակարգը, այնքան ամուր կլինի մեր բանակցային դիրքորոշումը»։
Նա ասաց նաև, որ այդ դիրքորոշումն առաջին հերթին պետք է ուղղված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացմանը։