21/10/2016 10:56
«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված տղայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված Լևոն Սահակյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:
«Լևոն Սահակյանը վնասվածքներ է ստացել սրտի ու թոքի շրջանում, այս պահին նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:
Նա փոխանցեց, որ դանակահարված երիտասարդի մոտ կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում:
«Արհեստական ապարատային շնչառությանն է միացված, սրտի կծկողականությունը շատ թույլ է», - նշեց «Արմենա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչը:
Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ: Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ նախնական տվյալներով երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում. դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում և դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է Վահան Ղազարյանը։