21/10/2016 17:27
ԶՈւ գնդապետ. Գիտական արտադրական հիմնարկների հետ աշխատանքներ են տարվում ԶՈւ զրահատեխնիկան արդիականացնելու ուղղությամբ
Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը պատրաստ են ամենաբարձր մակարդակով կատարել իրենց առջև դրվող խնդիրները, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԶՈւ սպառազինության վարչության զրահատեխնիկային ծառայության շահագործման և պլանավորման բաժնի պետ, գնդապետ Զորայր Գաբրիելյանը։
«Այս տարիների գլխավոր ձեռքբերումը զրահատեխնիկական համապարփակ համակարգի ստեղծումն է: Աշխատանք է տարվում գիտական արտադրական հիմնարկների հետ` ներկայացնելու այն կոնցեպցիան, որի հիման վրա պետք է արդիականացնել տեխնիկան: Վերջին տարիներին սկսվել են նաև տանկերի արդիականացման աշխատանքները»,- ասաց գնդապետը:
Ասուլիսի մյուս բանախոս, ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ Արտավազդ Յաղմուրյանը նշեց, որ հրթիռահրետանային զորքերի համար անցած 24 տարին դժվարին էր, բայց արդյունավետ:
«Հրթիռային զորատեսակներն ունեն իրենց կարևոր դերակատարումը: Ապրիլյան օրերին դրանք բերվեցին մարտական բարձր աստիճանի ու դա ևս ստիպեց հակառակորդին հրաժարվել մարտական գործողություններից»,-ասաց Արտավազդ Յաղմուրյանը:
Նա ընդգծեց` այս զորատեսակը համալրված է արդի միջոցներով ու բարձր պատրաստվածություն ունեցող արհեստավարժ անձնակազմով: