21/10/2016 21:50
Նոյեմբերի 26-ին ՀՀԿ-ն նախագահ կընտրի. Սերժ Սարգսյանից բացի այլ թեկնածուներ չկան
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ 16-րդ համագումարին, ԱԺ-ում կառավարության ծրագրի հաստատմանը, ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի արդյունքներին, ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ԳՄ նիստը քվեարկել և հաստատել է ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք 16-րդ համագումարի օրակարգը: Օրակարգը հետևյալն է` ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ-ի ծրագրում և կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ ԳՄ անդամների ընտրություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողի անդամների ընտրություն, ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևի ընդունում»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ կուսակցության նախագահի թեկնածությունում Սերժ Սարգսյանից բացի այլ թեկնածուներ, թերևս, չեն լինի:
«Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է և, կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ-ի համագումարին կմասնակցեն միջազգային գործընկերներից ԵԺԿ-ի ներկայացուցիչները, «Միասնական Ռուսաստանի» և Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները:
«Իսկ տեղական կուսակցություններից, կարծում եմ, լուրջ սենսացիաներ չպետք է փնտրել: Ինչպես նախկինում, սա հերթական համագումարն է, կքննարկենք՝ կասենք: ՀԿ-ներ էլ են կմասնակցեն»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: