21/10/2016 17:50
Վայոց Ձորի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել երկու կանանց սպանության համար
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տարեց կանանց՝ Վ.Սիմոնյանի և Գ. Բարսեղյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի անչափահաս մի բնակչի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2015 թվականի հոկտեմբեր ամսին ստացվել է երկու ահազանգ՝ Վայոց Ձորի երկու տարեց բնակչուհիների մահվան վերաբերյալ: Հոկտեմբերի 20-ին Եղեգնաձոր քաղաքի տներից մեկի բակում հայտնաբերվել էր նույն տան բնակչուհի, 1924 թ. ծնված Վ.Սիմոնյանի դին, իսկ հոկտեմբերի 24-ին՝ Վայոց Ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գ.Բարսեղյանի դին:
Դիակների արտաքին զննմամբ կանանց վրա հայտնաբերվել են բռնության հետքեր, և քրեական գործեր են հարուցվել սպանության հատկանիշներով։ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանությունները բացահայտելու ուղղությամբ, որոնց արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ տարեց կանայք ենթարկվել են ավազակային հարձակման նույն անձի կողմից։ Որոշում է կայացվել Գ.Բարսեղյանի և Վ.Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացնել նույն վարույթում:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վայոց Ձորի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով (շահադիտական դրդումներով, երկու կամ ավելի անձանց սպանություն) և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: