22/10/2016 11:51
Հայ ուղևորի պատճառով «Բելավիա» ավիաընկերության օդանավը վերադարձվել է Կիև
Ուկրաինական իշխանությունները Կիև են վերադարձրել բելառուսական ինքնաթիռը՝ սպառնալով կործանիչներ օդ բարձրացնել, ասված է բելառուսական «Բելավիա» ավիաընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Կիև-Մինսկ B2-840 չվերթն իրակնացնող «Բելավիա» ավիաընկերության Բոինգ 737-800 օդանավը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան։ Օդանավում գտնվել է 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Բելավիա» ավիաընկերությունում պարզաբանել են, որ Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կմ հեռավորության վրա օդաչուն դիսպետչերից կարգադրություն է ստացել անհապաղ վերադառնալ մեկնման օդանավակայան՝ առանց բացատրություն տալու։
«Նաև հայտարարվել է, որ հրամանը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ։ Օդաչուն կատարել է կարգադրությունը և 15:37 օդանավն իջեցրել է»,- նշել են «Բելավիայում»։
Վայրէջքից հետո իրավապահներն օդանավից դուրս են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Վերալիցքավորումից հետո օդանավը 17:33 մեկնել է Մինսկ և բարեհաջող վայրէջք կատարել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հայ ուղևորը շուտով ազատ է արձակվել և այլ չվերթով մեկնել Մինսկ։