22/10/2016 15:17
«Պատանի լրագրողներ»-ի դպրոցի տնօրենը պատմել է, թե ինչպես է սպանել 22-ամյա Լևոն Սահակյանին
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ժամանակավոր պահման վայրից ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել «Պատանի լրագրողների» դպրոցում Լևոն Սահակյանին դանակահարած «Վան» հեռուստաստուդիայի տնօրեն, 39-ամյա Վահան Ղազարյանը. տեղեկացնում է Shamshyan.com-ը:
«Եկել էր մեր օֆիս, վեճ եղավ, ինքն ինձ խփեց, պաշտպանվելու համար ես էլ իրեն եմ խփել: Պաշտպանվելու համար եմ խփել», -տեսախցիկի առաջ ասել է Վահան Ղազարյանը:
«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված Լևոն Սահակյանը մահացել է երեկ երեկոյան՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում:
ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ: Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ նախնական տվյալներով երիտասարդին կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքը պատճառվել է Թերլեմեզյան 3 հասցեում. դեպքի վայր է հանդիսանում «Պատանի լրագրողների» դպրոցը։ Կատարված զննությամբ նշված հասցեի բակում և դպրոցի ներսում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի աշխատասենյակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
Կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հանցագործության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: