22/10/2016 13:36
Մոսուլի փախստականներին աջակցելու նպատակով Գերմանիան 34 միլիոն եվրո կտրամադրի
Գերմանիայի կառավարությունը, կապված Իրաքում փախստականներին առնչվող վերահաս ճգնաժամի հետ, 34 մլն եվրոյի չափով հրատապ օգնություն կցուցաբերի նրանց, ովքեր ստիպված են լքել իրենց տունը Մոսուլում։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Գերմանայի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերով նախարար Հերդ Մյուլերը:
Միջոցները կուղղվեն տեխնիկական օգնության ծառայության կետերի ֆինանսավորմանը, օգնություն կցուցաբերվի նաև փախստականների տեղավորման ու բուժսպասարկման գծով։
ՄԱԿ-ի հաշվարկներով՝ Մոսուլի փախստականների թիվը կարող է հասնել 1 միլիոնի։ Տարբեր տվյալներով՝ ռազմական գործողության մեկնարկից ի վեր քաղաքը լքել է 2000-5000 մարդ։
Հոկտեմբերի 17-ի գիշերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել էր «Իսլամական պետությունից» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) Մոսուլի ազատագրման ռազմական գործողության մեկնարկի մասին։