22/10/2016 20:24
Ներդրումային դաշտը բաց է լինելու ցանկացած գործարարի համար. Կարեն Կարապետյան
Հայաստանի նոր կառավարությունը ներդրումային դաշտը բացելու է ոչ միայն սփյուռքահայերի, այլև ցանկացած օտարերկրյա ներդրողի համար:
«Մենք ուզում ենք ինվեստիցիոն դաշտը բացել ոչ միայն մեր սփյուռքահայերի, ճիշտ է, մենք շահագրգռված ենք, որ սփյուռքահայերը գան, բայց այդ խաղի կանոնները լինելու են և սփյուռքահայերի համար, և չինացու համար, և երրորդի համար», - ասաց Կ.Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, որպեսզի ներդրողը պաշտպանված զգա, ապահովվելու է փոխադարձ կապ՝ ի դեմս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության:
«Այն, կոպիտ ասած, անվանել ենք բիզնեսի, գործարարի օմբուդսմենը, պաշտպանը, հաշտարարը, որ կամայական բիզնեսմեն, երբ որ հանդիպում է որևիցե խոչընդոտի գնում է այդ նախարարություն և նախարարը ձեռքից բռնած փորձում է հասկանալ: Եթե այնտեղ չի բավարարում՝ մենք մոտ օրերս կհայտարարենք և կտպենք տվյալները բոլոր այն պատասխանատուների, ովքեր անմիջապես ինձ հետ են աշխատում: Մենք ֆիքսել ենք նաև բիզնեսի ապաքրեականացման մասին և այնտեղ ֆիքսել ենք, որ օրինապահին վերաբերվելու ենք այսպես, ոչ օրինապահին այսպես: Նույնիսկ օրինապահին ասել ենք, որ որևիցե լիազորությունների գերազանցում պետք է չունենա: Եվ մենք անպայման անդրադառնալու ենք իրավապահ մարմիներին, եթե լիազորությունների գերազանցելուդեպքեր լինեն: Այս մեխանիզմը աշխատող է՝ այո, մենք հետևողական ենք գնալու՝ այո, արդյունք կտա՝ կտեսնենք», - նշեց վարչապետ Կարապետյանը: