22/10/2016 20:20
Կարեն Կարապետյան. Ի՞նչ պետք է անի պետությունը, եթե գազն այստեղ հասցնելը թանկ է
Փաստ չէ, որ կամայական ապրանքը, որը Հայաստանում արտադրվում է, պետք է մրցունակ լինի արտերկրում, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Բիզնեսի խնդիրն է՝ որոշել այն ապրանքները՝ ելնելով մեր բարդ տրանսպորտային լոգիստիկայից և այն օբյեկտիվ իրավիճակից, որը կա, որպեսզի մրցունակ լինեն: Երկրորդը, կարծում եմ, որ օրինակի համար, ռուսական շուկայում աշխատելու համար մեր շատ բիզնեսմեններ պետք է փորձեին. գուցե և դրա համար բարենպաստ պայմաններ չկան, որպեսզի վարկային ծրագրերը և միջոցները լինեին ռուսական ռուբլով: Երբ դու աշխատում ես նույն վալյուտայի դաշտում՝ ռիսկերը կտրուկ նվազում են, և եթե նկատել եք, մենք մեր արտահանման խթանման գործընթացում գրել ենք, որ կօգտագործենք նոր գործիքակազմ, որպեսզի արժութային ռիսկերը նվազեցնենք: Բիզնեսը պետք է կողմնորոշվի», - նշեց Կ.Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
«Պետության խնդիրն ինչո՞ւմն է՝ մաքսիմալ իրեն աջակցել: Բայց, ասելով, որ գազի գինը թանկ է… Ի՞նչ պետք է անի պետությունը, եթե գազն այստեղ հասցնելը թանկ է: Ինքը պետք է ընտրի այն ապրանքատեսակը, այն ոլորտը, որի ժամանակ գազի գինն իրեն մրցունակությունից չի հանում: Գազի գինը բա՞րձր է, արևը շատ է, հնարավորությունը շատ է» ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտը պետությունը սուբսիդավորում է այն չափով, ինչքանով հնարավորություն ունի:
«Վաղը մյուս օրն ավելի հարուստ ապրենք, ավելի ամուր ապրենք, սուբսիդավորման չափը կլինի ավելի՞, այո: Եվ այստեղ, մեկս մյուսին օգնելով պետք է ճանապարհ անցնենք, ուրիշ տարբերակ չկա, պատրանքների մեջ պետք է չընկնենք, պետք է ռեալ հաշվարկենք: Ձեր տան մեջ ո՞նց եք Դուք կառավարում, երբ որ Ձեր բյուջեն սահմանափակ է, Դուք որոշում եք առաջնայինն ինչին ուղղեք: Երբ որ Ձեր բյուջեի չափով չեք ապրում, միշտ այդ ընտանիքը խնդիրներ է ունենում: Նույնը մեզ մոտ է: Հիմա մենք կարող ենք բողոքել, որ մեր բյուջեն, մեր հնարավորությունները սուղ են, օգուտ կա՞ այդ բողոքելուց: Ընդամենն այսքանը: Եվ քայլ առ քայլ պետք է գնանք, որպեսզի մեր բյուջեն, մեր հնարավորություններն աճեն, որ վաղը մյուս օրը մենք իրականում կարողանանք գյուղատնտեսությանն ավելի շատ սուբսիդավորել, ավելի շատ կողքին կանգնել, իրեն հուշել: Այդպես քայլ առ քայլ պետք է գնանք առաջ», - ասաց Կ.Կարապետյանը: