22/10/2016 20:05
Կարեն Կարապետյան. Պետք է վերացնել միջավայրը, որը կոռուպցիայի հնարավորություն է ստեղծում
Կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարելով, կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով՝ կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում: Մեր կարծիքով՝ մանրամասն գրել ենք, թե ինչ գործողություններ ենք անելու, որպեսզի այդ հնարավորությունը մինիմումի բերենք թե՛ հարկային և մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համար հավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում», - ասաց Կ.Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը այս պահին անհրաժեշտ կառույց է:
«Մենք պետք է ֆիքսենք, որ այն կառույցները և այն միջավայրը, որը կա, իդեալական չէ, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ: Մենք հիմա փորձում ենք այնտեղ ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի և դաշտը բաց լինի, և կառավարության անդամները, ճիշտ ասած, իրենց առօրյայի մեջ այնքան զբաղված են կամ այնքան զբաղված պետք է լինեն, որ գուցե և արտաքին դաշտից ազդակները չստանան: Սա է» , - նշեց վարչապետ Կարապետյանը: