22/10/2016 19:52
Խիստ անհրաժեշտ է մեր մեր երեխաներին, մեր հաջորդ սերնդին կրթելը. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանը համամիտ չէ այն գնահատականների հետ, որ կառավարության նոր ծրագիրը ընդհանրական է և չկա հստակություն:
«Փորձեմ բաժանել փուլերի՝ ինչ ենք փորձել մենք հաղորդել մեր հասարակությանը: Նախ և առաջ մենք ասել ենք, որ պետք է փոխվենք և սկսենք մեզանից: Կառավարման մեթոդները, որոշում կայացնելու պրակտիկան, համակարգը բոլոր ոլորտներում՝ թե´ գնումներ, թե´ որոշման կայացում, կոլեգիալ լիազորություններ, նախարարների պատասխանատվություն, այդ ամենը կանոնակարգելու դեպքում մենք կարող ենք ռեալ ախտորոշել այն պրոբլեմները, որ կանգնած են մեր տնտեսության, մեր երկրի առջև», - ասաց Կ. Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ենելով նոր կառավարման ձևավորված համակարգից՝ փորձելու են տալ լուծումները:
«Բայց կառավարության համար առաջին խնդիրը ես տեսնում եմ, որպեսզի բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարի: Երկրորդը՝ բավարար է դա, որպեսզի մեր տնտեսությունն անհրաժեշտ աճի տեմպեր ցույց տա, և այլ գործառույթ պետությունը չունի, այս պահին, կարծում եմ, որ ոչ: Հաշվի առնելով հանրության հուսալքությունն՝ ասեմ, թե ոչ ակտիվ լինելը, հիմնականում այս պահին նկատի ունեմ մեր բիզնես միջավայրը, մենք հայտարարել ենք, որ մենք այստեղ որոշակի խթանողի դեր ենք կատարելու, ստեղծելու ենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի բիզնեսի հետ համատեղ մասնակցենք որոշակի նախագծերի մեջ, որպեսզի աշխուժություն մտցնենք», - նշեց Կ.Կարապետյանը:
Նա ընդգծեց ՝ որպեսզի վաղը մեր երկրում լինեն բարենպաստ պայմաններ զարգացման համար, խիստ անհրաժեշտ է մեր քաղաքացուն, մեր երեխաներին, մեր հաջորդ սերնդին կրթելը. «Վաղվա օրը գրագետ մարդու օր է»: