22/10/2016 20:22
Շուկայի փոքրությունը բերելու է նրան, որ որոշակի ոլորտներում ունենալու ենք գերիշխող բիզնեսմեն. Վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը պայքարելու է մոնոպոլիաների դեմ՝ արդար, հավասար պայմաններ ստեղծելով:
«Ո՞նց ենք պայքարելու կուռուպցիայի դեմ: Այն գործիքակազմով, որն օրենքն ունի, որն օրենքը թելադրում է: Ես չեմ ասել օրենքով պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ, ես ասել եմ՝օրենքով պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, հավասար դաշտ ստեղծելով՝ պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ», - ասաց Կ.Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, շուկայի փոքրությունը բերելու է նրան, որ որոշակի ոլորտներում լինելու է գերիշխող բիզնեսմեն, որովհետև ինքն ավելի էֆեկտիվ է աշխատում և այլն, և այլն:
«Ամբողջ խնդիրը այն է, թե ինքն ինչպես է դառնում գերիշխող. եթե դառնում է ադմինիստրատիվ լծակներով՝ քեզ թույլ են տալիս, Արամին թույլ չեն տալիս, այդ դեպքում առաջանում է անարդարություն: Եթե բնական մրցունակ դաշտում է՝ մեկ է էլի այդպես կմեկնաբանեն, ով որ այդ գերիշխողը չէ: Պետությունն այդ պարագայում ի՞նչ խնդիր ունի. մեր հակամոնոպոլ ծառայության միջոցով զսպի գերիշխողի ախորժակը, իսկ եթե արդարացի, մրցունակ դաշտում է դարձել գերիշխող, իրեն ճնշել, իհարկե՝ ոչ», - նշեց վարչապետը:
«Մեզանից մեկն օբյեկտիվ պայմաններով դառնալու է գերիշխող, չեմ ասում բոլոր ոլորտներում, բայց ոլորտներ լինելու են: Այդ պարագայում անարդարության նկատմամբ զգացմունքը կլինի ոչ այնքան ընդգծված, ինչքան այսօր: Խոսքը դա է: Դրա համար մոնոպոլիայի դեմ պայքարը կամ դեմն առնելը հավասար, արդար դաշտ ստեղծելն է», - ընդգծեց Կ.Կարապետյանը:
Հարցին, արդյոք ամեն մարդ այսօր կարող է ցանկացած ապրանք ներկրի, վարչապետը պատասխանեց. «Շատ ճիշտ եք լսել, առանց որևէ պրոբլեմի: Երբ որ իմանաք, որ նման խոչընդոտ կա՝ անձամբ ինձ զանգահարում եք»: