22/10/2016 09:48
Ինչու՞ է Կարեն Կարապետյանը հրաժարվել Հովիկ Աբրահամյանի մեքենայից. ՀԺ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենայից։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկում էր ներկայացուցչական դասի շքեղ BMW 750 մակնիշի մեքենա, որի գինը հասնում է մինչև 200 հազար դոլարի։
Վարչապետ նշանակվելուց հետո Կարեն Կարապետյանը շրջում է Lexus lx 470 մակնիշի մեքենայով, որի վրա ամրացվել են ծառայողական համարանիշները՝ 01 LL 001։
Վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանից «Հայկական Ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե ի՞նչ է եղել Հովիկ Աբրահամյանի ծառայողական մեքենան, ինչու է Կարեն Կարապետյանը հրաժարվել այդ մեքենայից, արդյոք Կարեն Կարապետյանին սպասարկող «Lexus»-ը նո՞ր է ձեռք բերվել, ո՞ւմ միջոցներով, զրահապա՞տ է այն թե ոչ։
Կառավարությունից թերթին պատասխանել են, որ Հովիկ Աբրահամյանին սպասարկող BMW 750-ը և Lexus lx 470-ը կառավարության բալանսում գտնվող մեքենաներ են։ Թերթը մյուս հարցերին պատասխան չի ստացել։