22/10/2016 19:59
Ես չեմ ուզում իմ պատասխանատվության մի մասը Հանրապետական կուսակցության վրա բարդեմ. Վարչապետ
Կարեն Կարապետյանն այսօր հայտարարել է, որ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է հանրապետության նախագահը՝ Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
«Պատասխանատու եմ ես իմ ասածների համար, թե ոչ, մենեջեր եմ, թե ոչ: Մենեջերն էլ է պատասխանատու, ուզում եմ ասել, եթե մարդ մենեջեր է, ինքը պատասխանատվություն ունի: Հետևաբար, ես, իհարկե,պատասխանատու եմ և ես չեմ ուզում իմ պատասխանատվության մի մասը Հանրապետական կուսակցության վրա բարդեմ: Իրենք ինձ հետ համապատասխանատու են, և ես ինձանից որևիցե պատասխանատվություն չեմ հանում», - ասաց Կ.Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ պատասխանատվություն յուրաքանչյուրը պետք է ունենա, հենց այդ իսկ պատճառով ֆիքսվել է կոլեգիալ լիազորությունների վերաբաշխման մասին դրույթը:
«Մենք որոշակի լիազորություններ կառավարության դաշտից տանում ենք դեպի նախարարություններ, որտեղ բալանսավորել ենք և որտեղ արդեն հասկանալի է դառնում, որ եթե չի կատարվում, ով է մեղավոր: Կոլեգիալ որոշումների մեջ մեծ վտանգ կա, եթե այդ որոշումը սխալ է կամ չի կատարվում, վերջում չես կարող հասկանալ՝ ով է պատասխանատու, ումից պահանջես և այսպես կոլեկտիվ անպատասխանատվության մի միջավայր է ստեղծվում», - նշեց Կ. Կարապետյանը: