22/10/2016 11:29
WikiLeaks. Քլինթոնն ու Թրամփը հեռուստաբանավեճերում Պուտինի մասին ավելի շատ են հիշատակել, քան՝ ԻՊ-ի
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճերի երեք փուլերի ընթացքում ամենից հաճախ հիշատակված բառերը դարձել են «Ռուսաստանն» ու «Պուտինը», հայտնում է «Взгляд»-ը՝ հղում անելով WikiLeaks-ին։
Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ բանավեճերի ժամանակ թեկնածուները «Ռուսաստան» և «Պուտին» բառերը հիշատակել են 178 անգամ, մինչդեռ «Իսլամական պետություն», ահաբեկչություն և «Ալ-Քաիդա» բառերն արտաբերվել են 132 անգամ։ Երրորդ տեղում «հարկերն» են՝ 119 հիշատակմամբ։
Ամենից շատ արծարծված թեմաներ են դարձել նաև Սիրիան, Իրանը, ներգաղթյալները, Չինաստանն ու ցանցահենային հարձակումները։
Ամենից քիչ ուշադրություն է դարձվել աբորտների, կրթության ու ռասիզմի խնդիրներին՝ համապատասխանաբար 17, 18 և 20 հիշատակում։
Հեռուստաբանավեճերի եզրափակիչ փուլը կայացել է հոկտեմբերի 19-ին։ Դեբատներն ամենակոշտն են դարձել ԱՄՆ նորագույն պատմության մեջ։ Երեք փուլերի ընթացքում թեկնածուները կոշտ քննադատության են ենթարկել միմյանց։ Մասնավորապես, դեբատների երկրորդ փուլում Թրամփը հայտարարել է, որ իր իշխանության դեպքում Քլինթոնը բանտ կնստի։