22/10/2016 13:45
Պետպաշտոնյաների մեծ մասին թվում է, թե ինքը վերադաս է, պետք է թելադրի, ուտի-խմի, ավելի գոռոզ կեցվածք ունենա. Գագիկ Մակարյան
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում դրական գնահատեց կառավարության ներկայացրած ծրագիրը, ասելով, որ վարչապետն անալիտիկ մտածողություն ունի, և եթե քաղաքական կամք լինի իրեն պաշտպանելու, ապա ներկայացրած ծրագիրն իրագործելի է:
- Պարոն Մակարյան, վարչապետն ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց, թե տնտեսության վրա շեշտադրումները պայմանավորված են միայն մեկ համոզմունքով, որ աղքատության և գործազրկության դեմ պայքարի ֆունդամենտալ միջոցը տնտեսության կայուն զարգացումն է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:
- Ծրագիրը երկու կարևոր բաղադրիչ ունի, որով հետաքրքրություն է առաջացնում. այն է, որ կան դրույթներ, որոնք հայեցակարգային են և դրանք երկարաժամկետ են՝ մինչև 2018 թվականը, և ծրագրերի հատվածներ կան, որոնք շատ հստակ են: Ծրագիրը սկզբունքորեն 6-7 ամսվա համար է նախատեսված, շատ ճիշտ է, որ ինքը կոնկրետ ժամկետներ է դրել, հակառակ դեպքում այն կդառնար անորոշ, ամորֆ կհնչեր շատերի համար, թե այս կառավարությունից մինչև ընտրություններն ինչ ենք ուզում ստեղծել և ինչի ենք հասնելու:
Ծրագիրը մի առավելություն ունի, որը վարչապետը ապահովեց, այն է, որ նա իր պաշտոնավարման առաջին մի քանի շաբաթները նվիրեց գործատուների շահերը ներկայացնող տարբեր կազմակերպությունների հետ հանդիպումներին գործատուների, բանկերի, շինարարների, արդյունաբերողների և այլ միություններին: Կարողացավ հենց առաջին ձեռքից հավաքել տեղեկություններ, տվյալներ, կարծիքներ և պաշտոնյայի կերպարի, և խոչընդոտների մասին:
Գլոբալ նպատակները, որոնք հայեցակագային են, օրինակ աղքատության դեմ պայքարը, վեց ամսվա կամ մեկ տարվա ծրագիր չէ: Երբեք կառավարությունը վեց ամսում աղքատություն չի վերացնի, բնակաբար, կփորձի էականաորեն նվազեցնել, բայց վերացնելը տարիների ընթացքում պետք է լինի՝ տնտեսության աճի ու զարգացմանը զուգահեռ: Նույնը վերաբերում է նաև գործազրկությանը, այն մի փոքր կնվազի, բայց կշարունակվի:
- Իսկ կոռուպցիա՞ն:
- Ես հավատում եմ, որ մեկ ամսում էլ կարելի է կոռուպցիան վերացնել: Կոռուպցիան թվում է շատ բարդ խնդիր, բայց նաև՝ շատ հեշտ խնդիր: Բոլորը որոշում են, այդ թվում նաև Հանրապետական կուսակցությունն է աջակցում, քանի որ նա աջակցում է վարչապետին և կառավարությանը, որոշում են, որ բոլոր ղեկավարները, որոնք նշանակված պաշտոններ են զբաղեցնում, դադարեցնում են դրանով զբաղվելը և դրա համար պատիժներ են սահմանվում: Ոչ ֆորմալ տնտեսությունում դա մի քիչ ավելի դանդաղ տեղի կունենա, որովհետև ստվերում գտնվում են շատ տարբեր տիպի կազմակերպություններ, ընդ որում ստվերը երկու մաս ունի՝ ստվեր շրջանառությունից կամ ներմուծված ապրանքների ոչ ճիշտ ձևակերպումներից կամ չձևակերպելուց, հաջորդը՝ աշխատուժի հետ կապված ստվեր: Ստվերն այն դեպքում կվերանա, երբ շուկայում լինեն հավասար մրցակցային պայմաններ: Բիզնեսները հաճախ ստվեր են գնում այն պատճառով, որ չեն կարողանում դիմանալ շուկայում անհավասար մրցակցությանը:
- Կարեն Կարապետյանն իր ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց նաև, որ պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի: Սա որքա՞ն իրագործելի հարց է:
- Համաձայն եմ դրա հետ: Այդ գաղափարախոսությունը դեռ նախորդ կառավարության ժամանակ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էր առաջ քաշում, որ պետական պաշտոնյան ծառայություն է մատուցում, հարկատուներս այդ ծառայության դիմաց վճարում ենք, և պետությունը որպես ծառայություն մատուցող մարմին պետք է որակյալ և արդյունավետ ծառայություն մատուցի իր ժամանակին:
Պետական պաշտոնյաների մեծ մասը բյուջեից աշխատավարձ ստանալով, բյուջեից փողեր ուտելով, ատկատներով, լրիվ մոռանում է, թե իր առաքելությունը որն է և իրեն թվում է, թե ինքը վերադաս է, պետք է թելադրի, ուտի-խմի, ավելի գոռոզ կեցվածք ունենա: Ընդամենը պետք է նայել, թե տարբեր տեսչական մարմիններում ինչ գոռոզամիտ կերպարներ կան: Մի շարք տարբեր պատճառներ կան, որոնք բերում են նրան, որ կերպարը պետք է փոխվի: կերպարի փոխումն էլ երկար է տևելու, որովհետև ինչքան էլ փորձել արագ անել, մարդու և մարդու մտածելակերպի հետ գործ ունեն, իսկ մարդու մտածելակերպը բավական իներցիոն է: Մի մասին պետք է աշխատանքից ազատել, մի մասի նկատմամբ էլ պետք է հսկողություն սահմանել՝ միաժամանակ պայմաններ ապահովելով: Եթե ստուգող մարդը գիտի, որ ինքն ամբողջ օրվա ընթացքում աննորմա ռեժիմով է աշխատում և իր աշխատավարձն իր ընտանիքին չի բավականացնում, նա արդեն դժվարին վիճակում է հայտնվում: Այսինքն, պետությունը պետական ծառայողի կեցվածքի խնդրով զբաղվելուն զուգահեռ պետք է նրան նաև ապահովվի ընտանիք պահելու հնարավորություններով: