24/10/2016 12:42
Շուրջ 1200 երևանաբնակ ծնողներ հանդիպել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին անընդմեջ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից ծնողները հնարավորություն են ստանում այցելելու սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին:
Երևանի քաղաքապետարանը հոգացել էր, որ ճանապարհին ծնողները որևէ հոգս չունենան: Բարձրակարգ ավտոբուսների շարասյանը ճանապարհի ամբողջ երկայնքով ուղեկցել է ճանապարհային ոստիկանությունը: Ավտոբուսներից յուրաքանչյուրում նաև բժիշկներ են եղել:
Հերթական այցի շրջանակում զորամասեր են մեկնել շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ:
2013 թ.-ից մեկնարկած ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 7000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելելու իրենց զավակներին ու տեղում ծանոթանալու նրանց ծառայության պայմաններին:
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ ծնողների այցելության առիթով սահմանամերձ բոլոր զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ:
Արարողության շրջանակում ծառայության մեջ առավել աչքի ընկած զինվորները հանդիսավոր պայմաններում պարգևատրվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերով:
Բոլոր զորամասերին Երևանի քաղաքապետարանի կողմից փոխանցվել են նաև նվերներ: