24/10/2016 14:59
ԻԻՀ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղում առաջին հրադադարը հաստատվել է Իրանի ջանքերով
Լեռնային Ղարաբաղում առաջին հրադադարը հաստատվել է Իրանի ջանքերով, իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, մասնավորապես ասել է. «Իրանն առաջին երկիրն է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն է իրականացրել, մենք կարևոր դերակատարություն ենք կատարել՝ կարողանալով առաջին հրադադարը հաստատել Ղարաբաղում»:
Շարունակելով խոսքը` Բահրամ Ղասեմին հավելել է. «Ինչ վերաբերում է նրան, թե այդ հարցն այսօր քննարկվում է կամ կքննարկվի նախագահ Հասան Ռոհանիի այցի ընթացքում, երկկողմ հետաքրքրության շրջանակներին վերաբերող հարց է: Չեմ կարծում, որ ներկա պայմաններում Իրանը շահագրգռված չի լինի միջնորդական առաքելություն իրականացնել: Հույս ունենք, որ հակամարտությունը արդար հանգուցալուծում կստանա և բոլոր կողմերի իրավունքները կիրացվեն»:
Անդրադառնալով Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը ասել է. «Իրանի հարաբերություններն իր հյուսիսային հարևանների հետ լավ են: Եթե Ռուսաստանին չհաշվենք, ապա Հայաստանն Իրանի միակ քրիստոնյա հարևանն է: Ինչ վերաբերում է ԻԻՀ նախագահի այցին, ապա հուսով ենք, որ Հասան Ռոհանիի այցը Հայաստան տեղի կունենա հնարավոր շուտ ժամկետում»: