24/10/2016 13:03
634 միլիոն 65 հազար ՀՀ դրամի բաժնետոմսեր և 17 միլիոն 950 հազար դրամի պարտատոմսեր. Առողջապահության նախարարի ունեցվածքը
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը պաշտոնը ստանձնելուց հետո բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին իր ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Լևոն Ալթունյանը հայտարարագրել է 634 միլիոն 65 հազար ՀՀ դրամի բաժնետոմսեր և 17 միլիոն 950 հազար դրամի պարտատոմսեր:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Լևոն Ալթունյանի դրամական միջոցները կազմել են 802 460 ՀՀ դրամ և 44 ԱՄՆ դոլար:
Փոխառություններ բաժնում առողջապահության նախարարը շուրջ 166 հազար ԱՄՆ դոլար և 29 միլիոն ՀՀ դրամ է ներկայացրել:
Լևոն Ալթունյանի հետ փոխկապակցված անձանց՝ ծնողի, կնոջ և որդու ունեցվածքի մասին տվյալները պաշտպանված են:
Անշարժ գույքի բաժնում առողջապահության նախարարը երկու բնակարան, մեկ առանձնատուն և մեկ հողամաս է հայտարարագրել: Շարժական գույք չի հայտարարագրել:
Ըստ հայտարարագրի՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը (2016 թ. սեպտեմբերի 27) ստացված ընդհանուր եկամուտը կազմում է 184 միլիոն 131 հազար ՀՀ դրամ և 141 հազար ԱՄՆ դոլար: