24/10/2016 14:07
Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են, որքան՝ դուք. Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը վայելում է էիր այցը Հայաստան
Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն, ով պետական այցով ժամանել է Հայաստան, այսօր կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են, որքան՝ դուք: Եվ պատահական չէ, որ դուք հայտնի եք, որպես ամենահին քրիստոնյա ժողովուրդ, և մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի պատմության մեջ եղել են նաև ողբերգություններ: Այսօր կեսօրից հետո իմ պարտականությունն եմ համարում այցելել հուշահամալիր և հարգանք մատուցել 1915-1922թթ ողբերգական իրադարձությունների զոհ գնացած սուրբ նահատակների հիշատակին»,-նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեթյու Ֆեսթինգը:
Նա նշեց՝ հպարտ է, որ Մալթայի Ուխտը կարող էր ցույց տալ իր հանձնառությունը Հայաստանին՝ օգնելով փախստականներին 1988 թվականին, երբ երկիրը տուժեց ահավոր երկրաշարժից:
«Մենք մարդասիրական օգնության ծրագրեր ունենք ձեր երկրում, օրինակ, Էջմիածնում մանկատունը, Դիլիջանում առողջարանը և այստեղ՝ Երևանում էլ, մենք աշխատանքներին մասնակցում ենք: Կարծում եմ, որ այս այցը հնարավորություն կտա ամրապնդել այն պատմական կապերը, որ կան Մարտական Ուխտի և Հայաստանի Հանրապետության միջև»,-ասաց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը՝ շեշտելով՝ հույս ունի, որ կարող են շարունակել համագործակցությունը, ինչպես նաև այն աշխատանքները, որ Ուխտը կատարում է Հայաստանում:
«Ես հավատացած եմ, որ այս այցը Հայաստան հնարավորություն կտա մեզ շարունակելու կառուցել մեր միջև արդեն իսկ առկա արտակարգ հարաբերությունները: Մենք կարողանալու ենք բարելավել կյանքը և կենսապայմանները նրանց, ովքեր կարիքի մեջ են»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար:
«Ես մեծապես վայելում եմ իմ այցը ձեր երկիր»,-հավելեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը: