24/10/2016 15:01
Ներկրողներն ու արտահանողների վախերն արդարացված չեն, քանի որ ռիսկային գործոն չկա. Միքայել Մելքումյան
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարության նկատմամբ վստահության բարձրացման լծակներից մեկը Կարեն Կարապետյանի հայտարարությունն է այն մասին, որ ցանկացած անձ հնարավորություն պետք է ունենա առանց խոչընդոտների ներկրումներ իրականացնելու համար։
«Որևէ օրենքով ամրագրված չէ, որ մեկ կամ երկու հոգի պետք է ապրանքներ ներկրեն: Ես կարծում եմ, որ կառավարության նկատմամբ վստահության բարձրացման լծակներից մեկը հենց դա է լինելու։ Եթե բենզինը, դիզվառելիքը, բանանը, ցիտրուսը հիմա բերում են երեք-չորս սուբյեկտ, ապա մի քանի ամիս հետո պետք է ցույց տան, որ բերում են 13 կամ 14 սուբյեկտ: Պետք է իսկապես մրցակցային հարաբերություններով առաջնորդվենք», - նշեց նա:
Պատգամավորն ընդգծեց, որ ներկրողներն ու արտահանողների վախերն արդարացված չեն, քանի որ այստեղ ռիսկային գործոն չկա։ Նրա խոսքով՝ ԵՏՄ շուկայից կատարվող արտահանումները հիմա դյուրին են դարձել։
«Եթե ԵՏՄ-ից եք բերում ապրանքը, օրինակ վառելիքը, ապա որևէ մաքսային սահման չկա: Այստեղ միակ մաքսային խոչընդոտը կարող է լինի այդ օկտանային թվի ֆիքսումը, որը ցույց է տալիս որակի համապատասխանելիությունը։ Շատ կարճ ժամանակ հետո, ամեն ինչ պարզ կդառնա։ Մեկ-երկու ամիս հետո կրկին կհանդիպենք կզրուցենք, ու շուկաները ցույց կտան՝ այստեղ լրացուցիչ մրցակիցներ եկել են, թե չէ: Եթե նոր խաղացողներ են մտնում շուկա՝ ի՞նչ է լինում՝ մյուսների մասնաբաժինը փոքրանում է, և գները սկսում են իջնել», - ասաց նա։
Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ չի կարող իրեն իրավունք վերապահել կասկածել վարչապետին։