24/10/2016 17:58
Քաղաքական կամքի դեպքում ամեն ինչ հնարավոր է անել. Մհեր Շահգելդյանը՝ վարչապետի հայտարարության մասին
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը վստահ է, որ ցանկացած խնդիր կարելի է լուծել, եթե կա քաղաքական կամք: Ըստ պատգամավորի՝ նման քաղաքական կամք պիտի կիրառել նաև ներկրումների խոչընդոտները վերացնելու մասին վարչապետի հայտարարությունը կյանքի կոչելու համար:
«Այստեղ երկու խնդիր կա: Առաջինը՝ ներկրման շուկաներն են: Կան ձեռնարկություններ, որոնք փակում են մնացածի առջև ճանապարհը: Իրենք ներկրում են, իրենք մեծածախն են, իրենք մանրածախն են և այդ շղթան ուրիշ ոչ ոք չի կարող մտնել: Երկրորդ խնդիրը, բացի ներկրման հետ կապված սահմանային պրոբլեմներից, դեմպինգն է: Այն ձեռնարկությունները, որոնք ունեն մեծ ֆինանսական հնարավորություններ, ևս կարող են ժամանակավորապես գներն իջեցնել, դուրս մղել մրցակիցներին, այնուհետև նորից բարձրացնել գները», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մհեր Շահգելդյանը:
Պատգամավորի կարծիքով՝ այսօր խնդիր կա խոշոր առևտրային տարածքների ոչ կանոնակարգված գործունեության մեջ, որի արդյունքում բազմաթիվ խանութներ փակվել և շարունակվում են փակվել, ինչը պատգամավորի դիտարկմամբ՝ ոչ միայն երկրի տնտեսական, այլև քաղաքական վիճակից է:
«Եթե քաղաքական կամք և ցանկություն լինի, շատ լավ կլինի: Եթե նման քայլեր լինեն, ես շատ դրական կգնահատեմ: Քաղաքական կամքի դեպքում ամեն ինչ հնարավոր է անել: Այսօր լոկալ այնքան շահեր կան, որոնք հիմնված են ներկրման վրա, հատկապես սննդի ներկրման, որ դժվար է ասել կկարողանան արդյոք վարչապետն ու կառավարությունը հաղթահարել այս բարիերները: Կարծում եմ՝ անհնար ոչինչ չկա, ուղղակի պետք է ջանք չխնայել», - ընդգծեց Մ. Շահգելդյանը: