24/10/2016 14:41
Համագործակցության հետագա զարգացման համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեքային հենք. Նախագահը ներկայացրել է Ֆեսթինգի հետ այցի մանրամասները
Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի բարեկամական և կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն, ՀՀ նախագահի նստավայրում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնի և մեծ վարպետի հետ քննարկել են ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ՝ տարածաշրջանային և միջազգային իրադրության հետ կապված հարցեր:
«Անշուշտ, ես մեր խորին երախտագիտությունը հայտնեցի 1988թ. ավերիչ երկրաշարժի օրերին և մինչև օրս Մալթայի Մարտական Ուխտի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության համար, որը նշանակալի է, և, իհարկե, աննկատ չի մնացել մեր կողմից»,- ասաց Ս. Սարգսյանը:
Նախագահը տեղեկացրեց, որ Ֆեսթինգի հետ քննարկվել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները բժշկական ծառայությունների մատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և դրա կամզակերպման հետ կապված հարցեր:
«Երկուստեք փաստեցինք, որ համագործակցության հետագա զարգացման համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեքային հենք, որը թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը: Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմական ճանապարհը լի է մաքառումներով՝ հանուն քրիստոնյա ինքնության և արժեքների պահպանության, հանուն քրիստոնեական մշակույթի, հանուն մարդասիրության»,- ասաց նախագահ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ու Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազն և մեծ վարպետը հանդիպման ընթացքում խոսել են նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առկա ամուր կապերի, Հռոմի Սրբազան Պապի կողմից 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցած պատարագի, Հռոմի Պապի Հայաստան այցի մասին: