24/10/2016 13:09
Հասարակության մոտ ապագայի նկատմամբ կա անորոշություն. Վահրամ Բաղդասարյան
Վարչապետի հայտարարությունն այն մասին, որ ներկրման խոչընդոտների ահազանգեր պետք է լինեն, նորություն չէ, քանի որ այդ մասին ահազնագերը եղել են նաև նախորդ վարչապետերի ժամանակ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
«Այս հարցը տարիներ շարունակ եղել է։ Եթե կա որևէ խնդիր, ապա մարդիկ կդիմեն ու այդ խնդիրները կհարթվեն։ Եթե արձագանքներ կլինեն ու խնդիրը չի հարթվի, այս հարցը կարող եք նորից բարձրացնել ու ասել՝ դուք խոստանում եք ու չեք կատարում ձեր խոստումները։ Ես համոզված եմ, որ այսօրվա վարչապետը խոսքի մարդ է։ Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ եթե նման ահազանգեր եղել են, համոզված եմ՝ դրանցից անմիջապես հետևություններ են արվել», - ասաց նա։
Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ գատնիք չէ՝ հասարակության մոտ ապագայի նկատմամբ կա անորոշություն, իսկ կառավարության նպատակը կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի միջոցով հասարակության մոտ ապագայի հանդեպ եղած վստահության բարձրացումն է։
«Կա անորոշություն և վարչապետը նոր բան չի ասել։ Ասել է, որ պետք է այդ անորոշությունը վերացնել։ Մենք ունենք խնդիր և պետք է դա հաղթահարենք։ Չենք հաղթահարի, նորից կանենք համապատասխան հետևություններ», - ընդգծեց պատգամավորը։