24/10/2016 15:06
Եվրամիությունը Հայաստանում ՓՄՁ զարգացմանը կհատկացնի 7 մլն եվրո
Հայաստանում EU4Business՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով մեկշաբաթյա միջոցառումների շարքում ընդգրկված է Փոքր և միջին ձեռնարկատիրություններին (ՓՄՁ) աջակցության շուրջ 7 մլն եվրոյի ԵՄ ֆինանսավորմամբ առանձին ծրագիր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«ՓՄՁ աջակցության առանձին ծրագրի եվրոպական կողմի ֆինանսավորմամբ շուրջ 7 մլն եվրոյի ծրագիրը պաշտոնապես կմեկնարկի այս շաբաթ», - նշեց Գ.Մելքոնյանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ ԵՄ ողջունում է, որ ՀՀ նոր կառավարությունը կարևորում է ՓՄՁ զարգացմանն ուղղված աշխատանքը:
«Մենք ողջունում ենք, որ նոր կառավարությունը կարևորում է ՓՄՁ զարգացմանը ուղղված աշխատանքները: ՓՄՁ զարգացումը և օտարերկրյա ներդրումները հանդիսանում են այն հիմնական միջոցները, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը», - ասաց Պ.Սվիտալսկին: