24/10/2016 13:30
Ֆիլիպինցի սենատորը կոչ է անում հետաքննություն սկսել նախագահի նկատմամբ
Ֆիլիպինների սենատոր Լեյլա դե Լիման Միջազգային քրեական դատարանին կոչ է արել հետաքննություն սկսել թմրանյութերի դեմ պայքարող նախագահ Ռոգրիդո Դուտերտեի նկատմամբ, որի հետևանքով մոտ 3 հազար մարդ է զոհվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Guardian-ին:
«Նրան արդեն հարկավոր է սկսել մտածել սպանությունների հետաքննության մասին՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների» ,- պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է դե Լիման:
Ինչպես գրում է թերթը, սենատորը Դուտերտեի ամենախիստ ընդդիմախոսներից է: Նշվում է, որ նրան արդեն կոռուպցիայի և նարկոբարոնների հետ կապերի մեղադրանքներ են առաջադրել:
Մայիսին ընտրված նախագահ Դուտերտեն թմրամոլների և թմրավաճառների դեմ լայնածավալ արշավ է սկսել: Ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ Դուտերտեի իշխանության գալուց ի վեր երկրում թմրավաճառության հետ կապված մոտ 3 հազար մարդ է սպանվել, այդ թվում՝ այդ ոլորտում հետաքննությունների ընթացքում: Միջազգային հանրությունը բազմիցս դատապարտել է պայքարի այս մեթոդները: