25/10/2016 18:15
Արցախի պաշտպանության բանակում շտաբային համալիր մարզումներ են անցկացվել
Հոկտեմբերի 24-ից 25-ը ՊԲ-ում ընթացող տեսչական ստուգումների շրջանակում անցկացվել են շտաբային համալիր մարզումներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի եւ ենթակա մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման եւ ապահովման մարմինները:
ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացված միջոցառմանը հետեւել են տեսչական հանձնաժողովները՝ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ:
Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո նշված կառույցները անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի, պայմանական մարտական իրադրության վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան ոլորտների պատասխանատուները, անցկացվել են մարզումներ, ստուգվել են ընդունված որոշումների եւ մարտական կիրառման փաստաթղթերի իրատեսականությունը:
Շտաբային մարզումների շրջանակում իրականացվել է նաեւ զորահամալրում: Ինչպես ապրիլյան զարգացումների ժամանակ, պահեստի սպաներն ու շարքային կազմի ներկայացուցիչները, համապատասխան ծանուցումը ստանալուց հետո պատրաստակամորեն ներկայացել են համապատասխան վայրեր` ապացուցելով, որ պատրաստ են ընդգրկվել նախատեսված ստորաբաժանումների կազմում եւ կատարել մարտական խնդիրներ:
Շտաբային մարզումները ցույց են տվել, որ, ինչպես բանակային, այնպես էլ զորամասային օղակներում, ղեկավարման համակարգը գործում է անխափան եւ ունակ է համարժեք դրսեւորվել հավանական զարգացումներին համահունչ: