25/10/2016 15:23
ՀԱԿ-ը ճգնաժամի մեջ է, քայլեր անելուց առաջ պետք է նախ իր խմբակցության պատգամավորներին միավորի. Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մտահոգված չէ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությամբ, թե ՀԱԿ-ը պատրաստվում է միավորվել ընդդիմադիր ուժերի հետ և 2017-ին իշխանափոխություն իրականացնել։
«Հայտարարություններ անող ուժերին կխնդրեի, որ նախևառաջ իրենք իրենց մեջ տեսնեն խնդիրը։ ՏԻՄ ընտրություններին մենք տեսանք, որ ընդդիմության մի լուրջ ընտրազանգված ձայն չտվեց իշխանությանը, բայց նաև ձայն չտվեց ՀԱԿ-ին։ Թող իրենց մեջ խնդիրները տեսնեն, նոր գան հայտարարություններ անեն»,-նշեց նա։
Շարմազանովի խոսքով՝ ընդդիմադիր ուժերն այսօր քաղաքական դաշտում պայքար են սկսել իրար դեմ, ուստի անիմաստ է խոսել նրանց համախմբման հեռանկարների մասին։
«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ սկսվել է ոչ թե իշխանություն-ընդդիմություն, այլ՝ ընդդիմություն-ընդդիմություն պայքար։ Այսօր ընդդիմությունը մրցապայքար է սկսել, թե ով ում ավելի լավ կհայհոյի, մեկը մյուսի վրա կոմպրոմատների պայքար է սկսել։ Օրինակ, Վանաձորի ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներն այդքան հանրապետականին չկպան, որքան՝ Էդմոն Մարուքյանին»,-ընդգծեց Է. Շարմազանովը։
Ըստ նրա՝ այսօր ՀԱԿ-ը ճգնաժամի մեջ է և քայլեր անելուց առաջ պետք է նախ ինքն իր խմբակցության ներսում եղած պատգամավորներին միավորի։ «ՀԱԿ-ում, փաստացի, երեք պատգամավոր՝ Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը, այլևս ՀԱԿ-ից չեն»,-ասաց նա։
Է. Շարմազանովի խոսքով՝ միանում են այն քաղաքական ուժին, որն ամենաազդեցիկն է, իսկ Գյումրիի և Վանաձորի ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությունը ցույց տվեց, որ այն ընդդիմության ամենաազդեցիկ ուժը չէ։
«ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ն ու «Համախուբն» էլ մասնակցեցին, բայց եղան առնվազն երեք այլ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք նրանցից ավելի շատ ձայն հավաքեցին։ Թե վաղն ինչ կլինի, չեմ կարող ասել, Վանգան չեմ, բայց մշուշոտ եմ համարում, որ ընդդիմադիր ուժերը կմիավորվեն, որովհետև քաղաքական գաղափար չեմ տեսնում»,-ասաց նա: