25/10/2016 11:43
Խորհրդային տարիներից լուսավորություն չունեցող Էրեբունի - Նուբարաշեն վարչական շրջանները կապող ճանապարհահատվածն արդեն լուսավոր է
Մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն իրար միացնող ճանապարհն արտաքին լուսավորություն չի ունեցել անգամ խորհրդային տարիներին:
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենսական նշանակություն ունեցող այս ծրագիրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել էր ընթացիկ տարվա հունիսին:
Ծրագրի առաջին փուլով Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության մասնագետները նախ սկսեցին հենասյուների տեղադրման ու ցանցի անցկացման աշխատանքներ իրականացնել ճանապարհի առաջին կեսում, այնուհետ նույն գործընթացը ծավալվեց նաև մինչև Նուբարաշենի մուտքն ընկած հատվածում: Արդյունքում 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այժմ արդեն լիարժեք լուսավորված է:
«Երքաղլույս»-ի մասնագետները ցանցը գործարկել են հոկտեմբերի 24-ի երեկոյան: Առաջին անգամ լուսավոր ճանապարհով անցնող վարորդներն ու ուղևորներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար սպասված այս ծրագիրը կյանքի կոչելու համար և հատկանշել, որ այսուհետ երթևեկությունն այս ճանապարհահատվածում առավել հարմար ու անվտանգ կլինի: