25/10/2016 17:38
Գալիք ընտրությունները չլփոցով ապտակ են լինելու հանրային հույսերի այտերին. Թևան Պողոսյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը խորհրդարանում հայտարարությունների ժամանակ անդրադարձավ վերջին շրջանում հասարակության կողմից ուշադրության արժանացած «դեֆոլտի» մասին հայտարարություններին։
«Այս օրերի ընթացքում միայն Սպորտի նախարարությունը չխոսեց «դոֆոլտի» մասին։ Այո, ՀՀ-ին այսօր դեֆոլտ է սպառնում և եթե քայլեր չձեռնարկվեն, ապա հետևանքները ծանր կլինեն։ Խոսքս պետության ֆինանսական անվճարունակության մասին չէ, խոսքս հասարակության հույսերը գոնե նվազագույնս բավարարելու մասին է։ Վերջին տարիներին սահմանադրության մասին, ընտրական օրենսգրքի մասին, պուպուշ երկիր կառուցելու մասին այնքան երազ պատմեցինք, որ մարդիկ մեռած հույսերը սկսեցին կենդանացնել։
Հիմա շատերը գալիք ընտրություններից հեքիաթ են ակնկալում։ Խեղճ մարդիկ, մի՞թե Վանաձորի ընտրությունները ցույց չտվեցին, որ գալիք ընտրությունները չլփոցով ապտակ են լինելու հանրային հույսերի այտերին»,-ասաց Թևան Պողոսյանը։
Ավարտելով ելույթը՝ Թևան Պողոսյանը խոսեց սպասվելիք ընտրությունների մասին և կոչ արեց պրոֆեսիոնալ իրավաբաններին մշակել մաքուր նախագահական մոդելի սահմանադրություն՝ ընտրություներից հետո այն կիրառելու համար։